Արտակարգ դեպք՝ Կոտայքում. Զառ գյուղում կրակի է մատնվել բնակչի 450 հակ անասնակերը
Սեպտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառ գյուղի տներից մեկի բակում կուտակված անասնակեր է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Աբովյանի թիվ 45-րդ և լրացուցիչ՝ Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են գյուղացիները և կուտակված անասնակերի տերը՝ Մանուկ Թ.-ն՝ իր հարազատներով։
Հրշեջներին օգնության են հասել նաև Զառ համայնքին պատկանող տրակտորն ու բեռնատարը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարզվել է, որ այրվել է մոտ 450 հակ անասնակեր։