top of page

Նոր ծրագիր՝ ուղղված ՀՀ դպրոցներում արցախցի 8118 երեխաների ինտեգրմանը. Ի՞նչ է այն նախատեսում


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց 18,2 մլն դրամ հատկացնել «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում՝ նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» միջոցառման իրականացման նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի հոկտեմբերից ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխա ընդունվել է Հայաստանի բոլոր մարզերի 632 դպրոցներ։ Նրանք բացի հիմնական կարիքներից, ունեն նաև հոգեբանական կարիքներ։ Այս երեխաների ինտեգրումը դպրոցներին հարթ չէ, քանի որ երեխաներն ունեն հաղորդակցման դժվարություններ, տարբեր տեսակի վախեր, վիշտ, անորոշություն և այլն: Նոր միջավայրից վախեր, այդ թվում՝ ինչպես լավ հարաբերություններ հաստատել հասակակիցների հետ: Եվ այս ամենն ավելի է դժվարանում լեզվական խնդրի պատճառով։

Ծրագրի նպատակն է բարձրացնել բոլոր երեխաների հոգեսոցիալական տոկունությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից՝ ապահովելու նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին: Արդյունքում երեխաները լավ հարաբերություններ կունենան իրենց հասակակիցների հետ՝ հիմնվելով նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման վրա՝ վերապատրաստված ուսուցիչների և հոգեբանների միջոցով:

632 դպրոցի 632 հոգեբան և 1896 ուսուցիչ կվերապատրաստվեն «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» մոդուլով։ Շուրջ 1500 ուսուցիչ կաշխատի իրենց դասարանի երեխաների հետ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից (շուրջ 37500 երեխա)՝ հիմնվելով «Երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկի վրա:

Ծրագրի ավարտին կկազմակերպվի Կլոր սեղան տեղական և միջազգային ՀԿ-ների, ինչպես նաև ԿԳՆ-ի և տարածաշրջանային և ազգային կառավարական մարմինների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելու Հայաստանի ողջ տարածքում կազմակերպված ծրագրի արդյունքները:

Ծրագրի կայունությունն այն է, որ վերապատրաստված ուսուցիչները կշարունակեն աշխատել երեխաների հետ, այդ թվում՝ տարբեր հատուկ կարիքներով երեխաների՝ ապահովելու նրանց սահուն ինտեգրումը կրթական գործընթացին, որը կարող է իրականացվել երեխաների հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով:

bottom of page