top of page

Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին


Այսօր բազմաթիվ հարցեր կան որոնց պատասխանը չեմ տա, ոչ թե նրա համար, որ դրանք չեմ պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և միայն մեզնից չէ կախված։

Այս մասին երեկ՝ մարտի 18-ին Կիրանցի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։ Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։ Կրակում են, ոորովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», - նշել է վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ սահման ունենալու դեպքում երկիրն ունենում է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանում է արդյոք ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե ոչ։

Բնակիչներից մեկի հարցին, որ դեռ վերջերս «Google»-ի քարտեզներով սահմանն անցնում էր իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, սակայն զինվորների ներկայության դեպքում իրենք ինչպես են ապրելու այդ տանը, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք պետք է գան ու տան այդ հարցի պատասխանը։

«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև Ձեր հարցը, այսենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Արդբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե Ձեր հարցին պատասխանելու, այլ Ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու», - հավելեց նա։

1/1788
bottom of page