Թրամփը պահանջել է, որ ԱՄՆ Սենատն այլևս ոչ մի երկրի անհատույց օգնություն չտրամադրի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցի իր օգտահաշվում դիմել է ԱՄՆ Սենատին՝ որևէ երկրի անհատույց օգնության տեսքով «ոչ մի գումար» չտրամադրելու պահանջով։ «Այս պահից սկսած, լսո՞ւմ ես, Միացյալ Նահանգների Սենատ, ոչ մի երկրի արտաքին օգնության տեսքով ոչ մի գումար չի տրվի, եթե դա վարկի տեսքով չի արվում, այլ պարզապես նվիրատվություն է»,- գրել է ԱՄՆ նախկին նախագահը։
Ըստ Թրամփի, այդ գումարները կարող են տրամադրվել երկրներին «անսովոր շահավետ պայմաններով», օրինակ՝ առանց տոկոսների և անսահմանափակ ժամկետով։
«Բայց, այդուհանդերձ, դա վարկ է: Գործարքը պետք է լինի (պայմանով), որ ԱՄՆ-ն օգնում է ձեզ որպես պետություն: Բայց եթե այն երկիրը, որին մենք օգնում ենք, երբևէ շրջվի մեր դեմ կամ հարստանա ապագայում, ապա վարկը պետք է վճարվի, իսկ գումարը վերադարձվի ԱՄՆ»,- ընդգծել է Դոնալդ Թրամփը։
Նա հավելել է, որ Վաշինգտոնն այլևս չպետք է գումարներ տրամադրի առանց վերադարձի հույսի կամ առանց որևէ պայմանի:
«Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլևս չպետք է «հիմար» լինեն»,– եզրափակել է Դոնալդ Թրամփը։