top of page

Պեսկովն անդրադարձել է Մակրոնի հայտարարությանը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Ուկրաինա զինվորական անձնակազմ ուղարկելու մասին Ռուսաստանին ստիպում է զգոն լինել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Եվրոպացի քաղաքական գործիչներն ինքնապահպանման բնազդ չունեն։ Սա Ռուսաստանին պարտավորեցնում է զգոն լինել»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։


Մինչ այս Մակրոնը հանդես էր եկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու օգտին։ Մի քանի եվրոպացի առաջնորդներ համաձայն չեն սրա հետ: Ավելի ուշ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Մակրոնը նկատի ուներ զինվորականներին թիկունքում աշխատելու ուղարկելը։ Պեսկովը նշել է, որ շատ երկրներ չեն գիտակցում Ռուսաստանի հետ հակամարտության վտանգը։


Հավելենք` Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև լուրջ տարաձայնություններ են առաջացել Ուկրաինային օգնելու հարցում։ Գրում է «Politico» թերթը: Նրանք չեն կարողանում համաձայնության գալ զենքի մատակարարման հարցում։ Բեռլինը չի ցանկանում Կիևին փոխանցել «Taurus» հրթիռները, մինչդեռ Փարիզն ավելի վաղ պարտավորվել էր Ուկրաինային ուղարկել իր թևավոր SCALP հրթիռները:


Հակասության ևս մեկ պատճառ է դարձել Ռուսաստանի սահման զինվորներ ուղարկելու հարցը։ Օրինակ` Շոլցը բազմիցս հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Ուկրաինայում հակամարտության կողմ չի դառնա, և գերմանացի զինծառայողներ Ուկրաինա չեն ուղարկվի։ Ֆրանսիայի առաջնորդն էլ հնարավոր է համարել արևմտյան զինվորների հնարավոր ուղարկումն Ուկրաինա, սակայն նրա այս գաղափարը քննադատության է արժանացել։


Շոլցը նաև դժգոհ է, որ Գերմանիան ավելի շատ օգնություն է ցուցաբերել Կիևին, քան Ֆրանսիան: Քիլի համաշխարհային տնտեսության ինստիտուտի տվյալներով՝ Գերմանիայի օգնությունը հատուկ գործողության ընթացքում հասել է 17,7 մլրդ եվրոյի, մինչդեռ Ֆրանսիան ընդամենը 635 մլն եվրո է հատկացրել։

bottom of page