ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, իրենք ատում են սերն ու միասնականությունը, սիրում են աղճատված վիճակ. «Գոյ» թատրոնի դերասան:
ԿԳՄՍ նախարարության կողմից մեզ ուղարկված փաստաթուղթը լի է կետադրական, իմաստային սխալներով։ Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Գոյ» թատրոնի դերասաններից Սամվել Թոփալյանը:
«ԿԳՄՍՆ-ում անգրագիտություն է, իսկ մենք բոլորս գիտենք, որ ցանկացած չարիք ծնվում է անգրագիտությունից։ Խոսքն այսօր ոչ միայն մեր թատրոնին է վերաբերում, խոսքն արժեքներին է վերաբերում։ Նրանք թքած ունեն մեր բացարձակ արժեքի, մեր ինքնության վրա, ու սա մենք պետք է հանդուրժե՞նք։
Համապատասխան մարդիկ նման կրթությամբ որոշում են ինչ-որ մշակութային, կրթական օջախի ճակատագիրը։ Բոլորիս անտարբերությունն է ծնում այս չարիքը:
Մեր թատրոնի 38 հոգի անձնակազմն իրար շատ սիրում ու հարգում է, այնտեղ, որտեղ սեր ու միասնություն կա, իրենից ուժ է ենթադրում, իսկ իրենք ատում են սերն ու միասնականությունը, սիրում են աղճատված, պարտված վիճակ»,- ասաց Սամվել Թոփալյանը։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին եւ ործելու է նրա կազմում: «Գոյ» թատրոնի տնօրենը կառավարության այդ որոշման դեմ դատական հայց է ներկայացրել, սակայն օրեր առաջ նրան ազատել են աշխատանքից եւ նշանակել նոր պաշտոնակատար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հայտարարել էր, որ «Գոյ» թատրոնի գոյությունը որպես առանձին ՊՈԱԿ չենք պատկերացնում, այլ պատկերացնում ենք առանձին ստեղծագործական միավոր Սունդուկյանի անվան թատրոնի կազմում