top of page

Դուք իրավունք չունեք դպրոց մտնելու, եթե այսպիսի վախկոտություն եք դրսևորում. Կարին Տոնոյանը՝ ուսուցիչներին.


Ես խոստովանում եմ, որ այս պատերազմում պարտվել է հայ մանկավարժը, ոչ մի պատահական բան չկա` մենք մեր սխալների վրա չսովորելով հասել ենք այս օրվան։ Այս մասին այսօր «Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Կարին Տոնոյանը՝ խոսելով ՀՀ հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը չեղարկելու պահանջի մասին։ 

«Հարց եմ տալիս «Հայոց պատմության» ուսուցիչներին՝ ո՞նց եք աշխատելու էդ վատ գործիքով, ինչո՞ւ չեք բարձրաձայնում, ձեր երեխաները ձեզ տեսնելով ի՞նչ են սովորելու. դուք իրավունք չունեք դպրոց մտնելու, եթե այսօր այսպիսի վախկոտություն եք դրսևորում և խոսում եք միայն իրար մեջ, թաքնված, վախկոտի նման։ Եկել է ժամանակը, որ ճշմարտությունը բառացի ներկայացնենք, շատ ենք վախեցել վիրավորելուց»,-ասաց նա։ 

Տոնոյանը նշեց, որ այս պատմության դասագիրքը պարզապես դպրոց պետք է չմտնի և հենց ինքը հրաժարվել է իր դպրոց այն տանելուց։ 

«Մենք 36 հազար ուսուցիչ ունենք ՀՀ-ում, եթե մենք միասին լինենք, նույնիսկ երկրի ճակատագիրը կորոշենք։ Մենք այս պահին էլ պատմություն ենք կերտում և ԿԳՄՍ նախարարությանը հարցնում եմ՝ դուք ի՞նչ պատվեր եք իջեցրել։ Ինձ տարօրինակ է, որ մենք քննարկում ենք նաև այն պատմաբանների անունները, որոնք կատարել են ձեր պատվերը»,- ասաց նա:

Տոնոյանը դիմեց բոլոր ուսուցիչներին ու առաջարկեց միավորվել և հակընդեմ քայլ անել. «Եկե՛ք պարզապես հավաքվենք, գումար կճարենք, ստեղծենք մեր երազանքի դասագիրքը և հարկադրենք, որ այն դնեն շրջանառության մեջ։ Ի վերջո, պետությունը մեր գումարներով է գրքեր տպագրում, նրանք մեր առաջ են ծառայում, մեր ծառաներն են, եկեք մեզ տիրոջ նման պահենք, ոչ թե ստրուկների․ այդ գիրքը կխեղի մեր սերունդների հոգեբանությունը»,- հավելեց նա:

bottom of page