top of page

ԿԳՄՍ փոխնախարարը անդրադարձել է «Մայրենի» առարկայի դասագրքում ադրբեջանցի հեղինակի պատմվածք ներառելու մասին լուրերին


Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկություններին, թե «Մայրենի» առարկայի 5-րդ դասարանի դասագրքում տեղ է գտել ադրբեջանցի հեղինակի պատմվածք։  

Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ նախարարությունը՝ որպես կառույց, որը պատասխանատու է դասագրքերի փորձաքննությունը պատշաճ իրականացնելու համար, պետք է հետևողական լինի, որպեսզի հեղինակները դասագրքերում չզետեղեն այն, ինչ ուզում են: 

«Այս տարվա համար հայտարարված դասագրքերի փորձաքննությունը կհանձնարարվի համապատասխան կառույցներին՝ գրքերը գիտականության մասով փորձաքննելու համար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սվաջյանը՝ հույս հայտնելով, որ այս տարվա ընթացքում դասագրքերի վերաբերյալ նման մասշտաբով խնդիրներ չեն արձանագրվի: 

«Հեղինակներն են որոշում, թե ինչ պատմվածքներ պետք է տեղ գտնեն դասագրքերում: Հեղինակներն իրենք պետք է անձնական պատասխանատվություն կրեն և որոշեն, թե որ ազգի հեղինակի նյութը զետեղեն դասագրքում: Գրքերի ստեղծման գործընթացը անկախ գործընթաց է: Անցյալ տարի առաջին անգամ էր իրականցվում փորձաքննությունը:

Մենք, ենթադրելով, որ ուսուցիչները դասագրքերի հետ աշխատելու ամենափորձառու խումբն են, փորձագետների հավաքագրման բաց մրցույթ էինք հայտարարել։ Մեծամասամբ ուսուցիչներ էին դիմել և հենց ուսուցիչներն են փորձաքննել այդ բոլոր դասագրքերը: Հաշվի առնելով, որ հիմա դասագրքերում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնք վեր են հանվում՝ մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե փորձաքննությունը այլ կերպ կազմակերպվեր, այդ խնդիրները փորձաքննության փուլում հնարավոր է դուրս գային և խմբագրվեին: Դրանից ելնելով՝ մենք փոխել ենք փորձաքննության գործընթացը»,- մեկնաբանեց Սվաջյանը: 

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում օրերս տարածվել էր տեղեկություն, թե 5-րդ դասարանի «Մայրենի» առարկայի դասագրքում ներառվել է ադրբեջանցի հեղինակի ստեղծագործություն։

bottom of page