«Ինքը սարսափելի չարիք է մեր կրթության համար, պետք է գնա. տնօրենի խառնակիչ բնույթի պատճառով ամբողջ կոլեկտիվը պառակտվել է». Թիվ 130 դպրոցի ուսուցչուհի. Aysor.am
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում քաոս է. ուսուցչական կոլեկտիվը, ծնողներն ու աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։
Ըստ նրանց՝ տնօրենը ամեն ինչ անում է, որ դպրոցում մթնոլորտը լաված լինի։
«Դպրոցում ամենաթողություն է, բաժանվել են բանակների։ Տնօրենի խառնակիչ բնույթի պատճառով ամբողջ կոլեկտիվը պառակտվել է, մեծամասնությունը դժգոհ է, շատերն էլ պարզապես լռում են։ Տեսչական ստուգումների արդյունքում շատ խախտումներ են արձանագրվել», -Aysor.am-ի հետ զրույցում ասաց ուսուցիչներից մեկը։
Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկանում աշխատել նման տնօրենի ղեկավարության տակ. «Ինքը պետք է գնա, քանի որ ինքը սարսափելի չարիք է մեր կրթության համար։ Իրա պատճառով մեր երեխաները զրկվել են կրթության իրավունքից։ Իր վարած սխալ քաղաքականության հետևանքով մեր երեխաներն այսօր չեն ստանում համապատասխան կրթություն։ Տնօրենն արդեն 1.5 տարի է, ինչ մեր դպրոցում է։ Զավեշտալին այն է, որ իրեն շատ գրկաբաց ենք ընդունել, իր հետ կապված մեծ սպասումներ ունեինք, որոնք ոչ միայն չարդարացվեցին, այլև ինքն «ապահովեց» մեր դպրոցից բազմաթիվ վաստակավոր մանկավարժների հեռացումը։ Նա այնպիսի մթնոլորտ ու միջավայր ստեղծեց, որ պարզապես իր հետ անհամատեղելի էր աշխատելը։ Նույնն էլ հիմա է կատարվում, 3 փոխտնօրեն չէին կարող միաժամանակ ազատման դիմում գրել, դա մեծ ազդակ է, որին կհետևեն շատ ուսուցիչներ»։
Հիմա դպրոցում, ըստ ուսուցչուհու, կիսադասադուլ վիճակ է.«Մենք փորձում ենք կանխել այդ դասադուլները, քանի որ մեզ համար դա անընդունելի է։ Մենք տեղյակ ենք, որ տնօրենը փորձում է յուրայինների հավաքել և հակահարվածային բաներ նախապատրաստել, բայց իրավիճակը սա է։ Մեկ տարվա ընթացում մոտ 30 ուսուցիչ է ազատվել աշխատանքից։ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը գրված է եղել իր անունով, ինքն ուղղակի չի պարապել։ Ստեղծել է այնպիսի մթնոլորտ, որ իր յուրային ուսուցիչներն անցնում են դասարաններով և հակադաստիարակչական քարոզներ անում, դասղեկների մասին վատ բաներ են խոսում»։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է՝ Երևանի Նարիր Զարյանի անվան թիվ 130 դպրոցում գերլարված իրավիճակ է։