ԻՐԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ՝ ԵՄԵՆԻ ՎՐԱ ԱՄՆ-Ի ՈՒ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՐՁԱԿՄԱՆԸ.
Իրանի ԱԳՆ-ն Եմենի հուսիթների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները մերձավորարևելյան այդ երկրի տարածքային ամբողջականության խախտում է անվանել։
«ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները հուսիթների դիրքերին կամայական են և Եմենի տարածքային ամբողջականության խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։
Թեհրանն ասել է, որ հարվածները «կատարվում են Գազայի հատվածում սիոնիստական կազմակերպության պատերազմին աջակցելու համատեքստում»:
«Վաշինգտոնը պատասխանատվություն է կրում Եմենի վրա հարձակման և դրանցի բխող հետևանքների համար», - ասվում է ԱԳՆ-ում։
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր, որ անցած գիշեր երկրի զինված ուժերը, Մեծ Բրիտանիայի հետ համակարգելով և Ավստրալիայի, Կանադայի, Նիդերլանդների ու Բահրեյնի աջակցությամբ, համատեղ հարվածներ են հասցրել հուսիթների թիրախներին:
Բազմազգ գործողությունների թիրախ են դարձել ռադիոլոկացիոն համակարգերը, հակաօդային պաշտպանության համակարգերը և անօդաչու թռչող սարքերի և հրթիռների պահեստավորման ու արձակման վայրերը: