ՍԵՒԱԿԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է. ՆՇՎՈՒՄ Է 100-ԱՄՅԱԿԸ
Այսօր գրող Պարույր Սևակի ծննդյան օրն է: Անվանի բանաստեղծը
ծնվել է 1924թ. հունվարի 24–ին՝ Արարատի շրջանի Չանախչի գյուղում։ Նա իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույր Սևակը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940թ. դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ 1955թ. Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։
Սևակը մահացել է 1971թ. հունիսի 17–ին՝ ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Այդ առաջին անգամ տպագրվելիս՝ գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն առաջարկել էր կեղծանունը, ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, ով եղեռնի զոհ էր դարձել։ Պարույրն էլ, լինելով տասնութամյա առաջին անգամ տպագրվող բանաստեղծ, հնազանդվում է խմբագրի բարյացակամությանը և չի դիմադրում։ Այնուհետև այդպես էլ օգտագործում էր կեղծանունը և սրա կապակցությամբ իր գոհության մասին հարցին պատասխանում էր՝ եղա՜վ էլի։
Սևակը նաև օգտագործել է այլ կեղծանուններ քննադատականները, ակնարկները և այլ տիպի ոչ-գեղարվեստական գործերը ստորագրելիս։