ԱՎԵԼԻ ՔԱՆ 1 ՄԻԼԻՈՆ ՓԱԽՍՏԱԿԱՆ՝ ԳԱԶԱՅՈՒՄ․ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԶԵԿՈՒՅՑԸ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) երեքշաբթի օրը հայտարարել է, որ մոտ 1,300,000 մարդ, այդ թվում՝ 610,000 երեխա, փախստականի կարգավիճակում է Ռաֆահի փողոցներում։
Ավելի վաղ ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն էր հայտնել Գազայի հատվածում տիրող աղետալի հումանիտար իրավիճակի կապակցությամբ և հայտարարել, որ ավելի քան 10 հազար պաղեստինցի երեխաներ տառապում են թերսնումից։
Գազայի երեխաների վիճակն աղետալի է, մինչդեռ վերջերս ութ երկրներ դադարեցրել են իրենց ֆինանսական օգնությունը ՄԱԿ-ի Պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությանը (UNRWA)։
Պաղեստինի առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով պաղեստինցի նահատակների թիվը հասել է 27,478-ի, իսկ վիրավորներինը՝ 66,835-ի։
Իսրայելի հարձակումների հետևանքով առաջացած ավերածությունների պատճառով, Գազայի հատվածում մեծ թվով անմեղ և ճնշված պաղեստինցիներ գտնվում են փլատակների տակ և քաղաքացիական պաշտպանության ու բժշկական խմբերը դժվարանում են ծառայություն մատուցել նրանց: