top of page

Ֆրանսիայի Սենատը Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ բանաձև է ընդունել


Քիչ առաջ Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 336 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ պահանջող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Սենատի բանաձևը.

 

  • Աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը,

  • Դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում,

  • Կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը,

  • Կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

  • Նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով,

  • Դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները,

  • Կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից,

  • Կարևորում է ՅՈւՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար,

  • Կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

 

Բանաձևը համահեղինակել են Սենատի բոլոր քաղաքական խմբակցությունների ղեկավարները` Բրունո Ռըտայոն, Մարիզ Կարրերը, Սեսիլ Սուկիերմանը, Գիյոմ Գոնտարը, Պատրիկ Կաները, Հերվե Մարսելը, Կլոդ Մալյուրեն և Ֆրանսուա Պատրիան, ինչպես նաև Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:

 

Նիստը նախագահում էր Սենատի փոխնագահ Սոֆի Պրիմասը։ Նիստին ներկա էր նաև Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ստեֆան Սեժուրնեն։

 

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսիայի Սենատի օրակարգում ընդգրկվել է բանաձև, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը, դատապարտում է Ադրբեջանի ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում կանխել ագրեսիայի և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման հետագա փորձերը, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառմամբ և Լեռնային Ղարաբաղ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխավորմամբ:

Բանաձևը քննարկվել է այսօր՝ հունվարի 17-ին։

1/1811
bottom of page